Սեрսը հղիության ժամանակ. կարելի՞ է, թե՞ չի կարելի

537

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության դեպքում սեքսը չափազանց օգտակար է: Հղիության ընթացքում հուզական մթնոլորտն ընտանիքում, որպես կանոն, անկայուն է, և այդ իմաստով սիրով զբաղվելը նախկին մտերմությունը պահպանելու և ամրապնդելու լավագույն եղանակներից է: Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ բոլոր հղիների մոտ սեռական կյանքը տարբեր կերպ է ընթանում. մի մասն ինտիմ կյանքի մասին նույնիսկ մտածել չի կարող, մյուսներին լիովին բավարար են գրկախառնությունները և այլ քնքշանքները, երրորդներն էլ պատրաստ են անկողնուց դուրս չգալ մինչև առաջին կծկանքները, և այս բոլոր տարբերակները նորմալ են: Բոլոր դեպքերում, պետք է հիշել, որ հղիության յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունը:

Առաջին եռամսյակ

Հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում կանայք հաճախ տառապում են տոքսիկոզով, բնորոշ է նաև տրամադրության կտրուկ փոփոխությունը, ընդհանուր թուլությունը, երբեմն էլ զզվանքը` կյանքի նկատմամբ: Այդ ժամանակաշրջանում ապագա շատ մայրերի համար բոլորովին էլ «զվարճանքի» ցանկություն չկա, և իրենց այդ ցանկությունը, ավելին` ցանկության բացակայությունը, տղամարդիկ պարտավոր են հարգել:  Համաձայնեք, որ բավականին դժվար է սեռական հարաբերությունների անհրաժեշտության մասին խոսել այն մարդու հետ, ով ամբողջ օրվա ընթացքում սենյակից զուգարան է վազում, և ի վիճակի չէ որևէ բան կուլ տալու, բացի կես բաժակ թեյից: Սակայն լավ ինքնազգացողության դեպքում անձնական կյանքը կարող է շարունակվել ճիշտ այնպես, ինչպես նախքան հղիությունը:

Առաջին եռամսյակում երեխան կորցնելու ռիսկն ավելի բարձր է, քան երկրորդ կամ երրորդ եռամսյակում: Այդ պատճառով այդ ժամանակահատվածում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի սեքսը լինի կոկիկ և ոչ ագրեսիվ, իսկ տարաբնույթ ակրոբատիկ հնարքների մասին ավելի լավ է, պարզապես, մոռանալ:

Երկրորդ եռամսյակ

Սա հղիության ամենասեքսուալ ժամանակաշրջանն է: Փորիկը դեռևս մեծ չէ, այլևս սրտխառնոց չկա, կուրծքը չափերով մեծացել և ավելի զգայուն է դարձել հպումների նկատմամբ, բացի այդ, էստրոգենի և պրոգեստերոնի շնորհիվ ցանկությունն ուժեղացել է: Արդյունքում, սեքսից զգացողություններն (ամրապնդված չպլանավորված հղիության կամ, ընդհակառակը, ոչ մի կերպ չհղիանալու կպչուն մտքերի բացակայությամբ) ավելի վառ են դառնում, և օրգազմը զգալիորեն արագ է առաջանում:

Երրորդ եռամսյակ

Ամեն ինչ մի փոքր դժվարանում է. մարմնի չափերը լավագույն ձևով չեն ազդում ճարպկության և հավասարակշռության վրա, իսկ ընդհանուր հոգնածությունն սկսում է անդրադառնալ խառնվածքի վրա: Բացի այդ, ծննդաբերությունից 3-4 շաբաթ առաջ կանայք «ալարկոտ» են դառնում. ցանկանում են բազմոցին պառկած մնալ և հնարավորին սահմանափակել շփումը շրջակա աշխարհի հետ:

Երբ չի կարելի զբաղվել սեքսով` հղիության ժամանակ
Եթե բժիշկը խորհուրդ չի տալիս զբաղվել սեքսով, պետք է նրա բառերը չընդունել որպես գերզգուշություն: Այդ արգելքը, որպես կանոն, ունի լուրջ ֆիզիոլոգիական պատճառներ: Եթե հղիությունն ընթանում է բարդություններով, ապա օրգազմի ժամանակ տեղի ունեցող արգանդի կրճատումը և արգանդի վզիկի շրջանում ակտիվ ազդեցությունը կարող են նպաստել արյունահոսության առաջացման և բերել երեխայի կորստին:

Այսպիսով, հղիության ժամանակ սեքսից պետք է հրաժարվել հետևյալ դեպքերում.

վիժման հաստատված սպառնալիքի դեպքում, ինչպես նաև, եթե նախորդ հղիությունը (մեկ կամ մի քանի) անհաջող է ավարտվել,

արգանդի վզիկի իստմիկոցերվիկալ անբավարարության դեպքում,

ընկերքի առաջադրության դեպքում (ընկերքի շերտազատման և հաջորդող արյունահոսության ռիսկը մեծ է ),

հեշտոցային ցանկացած արյունահոսության  կամ  ոչ տիպիկ առատ արտադրության դեպքում,

բազմապտուղ հղիության ժամանակ (բժիշկը կարող է խորհուրդ տալ խուսափել ինտիմ կյանքից 28 շաբաթականից հետո):

Սակայն, նույնիսկ, եթե սեքսը ստիպված եք հետաձգել մինչև լավ ժամանակներ, դա բոլորովին չի նշանակում, որ ինտիմ կյանքն ավարտվել է: Սկզբում պետք է ճշտել, թե ինչ ի նկատի ուներ բժիշկը, երբ խորհուրդ էր տալիս սեռական հանգիստ: Որոշ դեպքերում «ոչ մի սեքս» դատավճիռն, իսկապես, նշանակում է այն ամենի արգելքը, որը կնոջ մոտ կարող է բերել գրգռման և օրգազմի, իսկ որոշ դեպքերում էլ արգելքը վերաբերում է միայն ներթափանցմանը: Սակայն ինչ էլ խորհուրդ տա գինեկոլոգը, մեկընդմիշտ հիշեք. հպումային հաղորդակցումը հղիներին ուղղակի անհրաժեշտ է:

Երբ է կարելի և պետք է զբաղվել սեքսով` հղիության ժամանակ

Եթե որևէ բժշկական հակացուցում չկա, ապա հղիության ժամանակ սեքսը կարող է շատ օգտակար լինել:

Ինտիմ հարաբերությունները կարող են ֆիտնեսի հրաշալի այլընտրանք լինել. սեքսը բավականին էներգիա ծախսող գործընթաց է, որը ներառում է նաև կանանց համար չափազանց օգտակար ձգումների տարրեր: Ավելին, ինտիմ կյանքը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նպաստում է հաճույքի հորմոնների (էնդորֆինների) արտադրությանը, որոնք, իրենց հերթին, փոխանցվում են փոքրիկին՝ լավացնելով նրա տրամադրությունը և կարգավորելով սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

Հղիության ընթացքում մեծացող արգանդը և փոքր կոնքի տեղաշարժված օրգանները կարող են վատացնել արյան նորմալ շրջանառությունը, նպաստել երակային կանգի առաջացմանը և նվազեցնել հյուսվածքների արյունամատակարարումը: Այլ անբարենպաստ գործոնների առկայության դեպքում (ծխելը, ժառանգական նախատրամադրվածությունը, նստակյաց աշխատանքը) այդ ամենը կարող  է բերել ոտքերի և, նույնիսկ, փոքր կոնքի երակների վարիկոզ լայնացման: Ընդ որում, սեքսի ժամանակ ուժեղանում է արտաքին և ներքին սեռական օրգանների արյան հոսքը, ապա տեղի է ունենում ինտենսիվ հետհոսք, այդպիսով, այդ «վնասակար» հետհոսքը վերացվում է: Բացի այդ, ներքին սեռական օրգանների անուղղակի մերսումը նպաստում է հղիության ժամանակ առաջացող փորկապությունների կանխարգելմանը:

Շատ կանանց վախեցնում է օրգազմից հետո առաջացող արգանդի լարվածությունը, սակայն, եթե այն չի ուղեկցվում ցավային զգացողություններով և անցնում է կես ժամվա ընթացքում, անհանգստանալու կարիք չկա: Արգանդը մկան է և այդ պատճառով անհրաժեշտ են մարզումներ: Արգանդի կրճատման ունակությունը անհրաժեշտ կլինի ծննդաբերության ժամանակ: Հասուն հղիության ժամանակ սեռական կյանքը ծննդաբերությանը նախապատրաստվելու լավագույն տարբերակն է: Ծննդաբերությունից առաջ կանանց մոտ առաջացող տագնապը և սթրեսը հանելուց զատ, սեքսը նպաստում է արգանդի վզիկի հասունացմանը (այսինքն, փափկեցմանը և կրճատմանը) սերմնահեղուկում պարունակվող պրոստագլանդինների հաշվին, որոնք հատուկ նյութեր են և մասնակցում են ծննդաբերության մեկնարկին: Պետք է չվախենալ, սա աշխատում է միայն այն դեպքում, երբ կինը և երեխան պատրաստ են ծննդաբերության, ավելի վաղ ժամկետներում ոչ մի պրոստագլանդին չի սպառնում: