«Վարորդը մոխիր էր դարձել, մյուսները վախեցած փախնում էին. երեխաները լացում էին». Անատի Սաքանյանն առաջին անգամ պատմում է՝ ինչ էր կատարվել այսօր այրվող շենքում

Դերասանուհի Անատի Սաքանյանն այսօր Ինստագրամի սթորի բաժնում հրդեհի սարսափելի կադրեր է հրապարակել, հետո պարզաբանել, որ այրվում է դիմացի շենքը, որտեղ պարզվում է՝ բնակվում է նրա հորաքրոջ ընտանիքը: Armlady-ին կապ է հաստատել դերասանուհու հետ՝ պարզելու՝ ինչ էր կատարվում իրականում.

«Ես տուն գալու ճանապարհին էի, երբ մայրս զանգեց ու ասաց, որպեսզի շրջանցեմ այդ հատվածը, քանի որ այրվում էր մեր դիմացի շենքը: Երբ հասա խաչմերուկ տեսա, որ այրվում էր այն շենքը, որը շատ մոտ է հորաքրոջս շենքին, սարսափից ոտքերս սկսեցին դողալ և մի պահ կորցրեցի մեքենայիս կառավարումը: Չեմ հիշում ինչպես եմ հասել մեր շենքի մոտ»,-պատմում է Անատին, ով դեռևս չի կարողանում ուշքի գալ տեսածից:

«Այդ պահին ես միայն մտածում էի՝ ինչ վիճակում են հարազատներս, որովհետև ես տեսնում էի՝ ինչ խուճապահար են մարդիկ դուրս գալիս շենքից, մարդիկ երեխաներին գրկած վազում էին դուրս, սարսափելի տեսարան էր: Հետո 3-4 հրշեջների մարտական հաշվարկ եկավ: Վարորդը, որ բախվել էր գազախողովակին մոխիր էր դարձել և չէր հաջողվել նրան փրկել, երկու հոգի էլ վիրավոր էր: Ես դեռ չեմ կարողանում ուշքի գալ կատարվածից, շուրջս աղմուկ էր, բոլորը գոռում էին, լացում». Եզրափակեց Անատին:

Նշենք, որ այսօր ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։ Բռնկված կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել են։